четверг, 5 октября 2017 г.

Արցախ

Արցախ

Անվան ծագումնաբանություն

Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ»տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։


Հնագույն ժամանակներից մինչև Վան

Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են հին քարի դարի ժամանակահատվածի աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Հադրութի շրջանի Որվանի քարայրում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։

Մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներից սկսած Մերձավոր Արևելքում հիմնադրվում են առաջին պետական կազմավորումները։ Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Վանի թագավորությունն էր, որ առաջացել էր մ.թ.ա. 9-րդ դարում: Նրա գոյատևման երեքհարյուրամյա ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանումով։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկգբներին Արցախը եղել է Ասորեստանի և Վանի թագավորությունների քաղաքական ու մշակութային ագդեցությունների ոլորտներում։ Խոջալուի դամբարանաղաշտերից հայտնաբերվել է Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք։ Ծովք գյուղի մոտ հայտնաբերվել է Վանի թագավորության արքա Սարդուրի Բարքայի սեպագիր արձանագրությունը, որտեղ նշվում է «Կուրի և Արաքսի միջագետքում 19 երկրների նվաճման մասին»: Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Դիոն Կասսիոսի, Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև Արգիշտի I-ի՝ Կոտայքում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է Զառ քաղաքի մասին։





Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես անբաժան մասը: 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները։