Էկոլոգիա

Տարերային աղետներ
Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն) և մթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն)։
Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողում բնական միջավայրի վրա։ Օրինակ՝ ջրհեղեղըվնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկվում են դաշտեր։Փոթորիկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը։
Խոշոր վնասակար իրադարձություններ են, որոնք հետևանք են երկրի բնական գործընթացների, ինչպես օրինակ ջրհեղեղները, փոթորիկները, տորնադոները, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը, ցունամիները և այլ երկրաբանական պրոցեսներ։ Բնական աղետները կարող են պատճառ դառնալ կյանքի կորստի կամ գույքային վնասի և իրենցից հետո թողնել որոշակի տնտեսական վնասներ, որից կախված է ազդեցության ենթարկված բնակչության կայունությունը կամ վերականգնվելու ունակությունը։

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով:
Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է:
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:
Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:
Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:

Պահպանել և վերականգնել շրջակա միջավայրը
Մաքրել մոտակա այգին։ Փնտրեք ձեր բնակավայրին մոտ գտնվող որևէ այգի և ծառայողական ծրագիր իրականացրեք այդտեղ, որպեսզի հավաքեք տեղանքի աղբն ու թափոնները։ Այդ միջոցառման օգնությամբ սովորեք ճիշտ կերպով ոչնչացնել աղբը՝ այրելու, թաղելու և հեռացնելու միջոցով։ Կարող եք խնդրել տեղի իշխանություններին ծանոթացնել ձեր տեղանքին համապատասխան աղբի ոչնչացման մեթոդներին։ Աղբը, սնունդը կամ կեղտը երբեք մի գցեք գետնին։ Մարդկային թափոնները թաղեք առնվազն 15 սմ խորություն ունեցող փոսերում և ջրերից, ճամբարներից ու արահետներից առնվազն 61 մետր հեռավորության վրա։
Ուսուցանել ուրիշներին, թե ինչպես հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Հրավիրեք ընկերներին ճամբարել ձեզ հետ։ Բարեկիրթ գտնվեք ձեզ շրջապատողների հանդեպ՝ վերահսկելով ձեր ձայնի բարձրությունը։
Խնամել արահետները։ Ծրագրեք մի միջոցառում, որի շնորհիվ մոտակայքում կվերակառուցեք, կգծանշեք կամ կստեղծեք մի արահետ։
Մաքրել մոտակա ջրամբարը։ Խնդրեք բանիմաց և փորձառու որևէ մեկին ծանոթացնել ձեր տեղանքի ջրի աղտոտման խնդիրների մասին։ Օգնեք մաքրել տեղի ջրամբարը կեղտից։ Վարժվեք ջրի մաքրման հմտություններին և արեք ամեն բան՝ ջրի աղտոտումից խուսափելու համար։
Ծառեր տնկել։ Տեղեկացեք ձեր տեղանքի օդի աղտոտման և քայքայման խնդիրների մասին։ Ազատ տեղանք գտեք և ծառեր տնկեք, որպեսզի նվազեցնեք օդի աղտոտումն ու քայքայումը։