воскресенье, 5 мая 2019 г.

Ցեղասպանություն

Ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ (մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն:
Միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից:1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր:Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ցեղասպանության երրորդ փուլը կանանց, երեխաների, ծերերի տեղահանությունն ու ջարդերն էին:Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության, շատերը սպանվեցին, շատերն ինքասպան եղան, շատերն էլ, այլևս ուժ չունենալով, մահացան գաղթի ճամփաներին:
Ցեղասպանության երրորդ փուլի՝ տեղահանության և ջարդերի ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից:
Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման: 
Հայոց ցեղասպանության վերջին փուլն իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից:Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով: